Ամռանը փոխվում են ոչ միայն մեր առօրյան և սննդակարգը, այլև ավելանում են աղեստամոքսային տարբեր խնդիրների առաջացման ռիսկերը։
Ի՞նչ անել դրանք կանխելու համար, ինչպե՞ս ճիշտ սնվել և պահպանել մթերքները շոգ եղանակին. այս և ամռանը մարդկանց ամենահաճախ հուզող հարցերին պատասխանում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկ-գաստրոէնտերոլոգ Գայանե Մացակյանը։
Ամռանը մարսողական համակարգի ի՞նչ խանգարումներ են առավել հաճախ հանդիպում բնակչության շրջանում։
-Առավել հաճախ հանդիպում են փորլուծություն, սրտխառնոց, փսխում և որովայնային ցավեր։
Որո՞նք են ամռանը հաճախ հանդիպող փորլուծության, փսխումների, սրտխառնոցի և որովայնային ցավերի հիմնական պատճառները։
-Առավել հաճախ պատճառ են հանդիսանում սուր աղիքային ինֆեկցիաները և սննդային տոքսիկոինֆեկցիաները։ Քանի որ ամառը նաև ճամփորդությունների ակտիվ շրջան է, որոշ դեպքերում այս ախտանիշները կարող են պայմանավորված լինել նաև «ճանապարհորդների փորլուծությամբ»։ Նման գանգատների պատճառ կարող են լինել նաև ջրազրկումը, արևահարությունը, սեզոնային մրգերի և բանջարեղենի չարաշահումը, ինչպես նաև ոչ հասուն պտուղների օգտագործումը։
Ինչպե՞ս է շոգ եղանակն ազդում աղեստամոքսային համակարգի քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց առողջական վիճակի վրա, և ի՞նչ խորհուրդ կտաք նրանց։
-Ստամոքսաղիքային ուղու (ՍԱՈՒ) քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ բարձր է սննդային տոքսիկոինֆեկցիաներով և սուր աղիքային ինֆեկցիաներով վարակվելու ռիսկը, ինչը կարող է հանգեցնել հիվանդության ծանր ընթացքի, ջրազրկման և հիմնական հիվանդության սրացման։ Խորհուրդ է տրվում խստորեն պահպանել սննդի պահպանման կանոնները և անձնական հիգիենան։
Ինչպիսի՞ն պետք է լինի առողջ ամառային սննդակարգը։
-Անկախ տարվա եղանակից՝ սնունդը պետք է լինի հավասարակշռված։ Միայն աղցաններն ու մրգերը չեն կարող ապահովել օրգանիզմի բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։
Խորհուրդ է տրվում․
- Սնվել օրական 4–5 անգամ՝ փոքր չափաբաժիններով։
- Խմել բավարար քանակությամբ ջուր։
- Նախընտրել հեշտ յուրացվող սպիտակուցներ։
- Օգտագործել բանջարեղեն, հատապտուղներ և մրգեր։
- Սահմանափակել կենդանական ճարպերը, քաղցր գազավորված ըմպելիքներն ու շաքար պարունակող մրգահյութերը։
Կա՞ն մթերքներ, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել միասին։
-Ապացուցողական բժշկության համաձայն՝ առողջ օրգանիզմը կարող է միաժամանակ մարսել ածխաջրեր, ճարպեր և սպիտակուցներ։ Սակայն որոշ համադրություններ կարող են առաջացնել փքվածություն, փորլուծություն կամ այլ մարսողական գանգատներ։ Օրինակ՝ որոշ մարդկանց մոտ անհարմարություն կարող է առաջացնել կաթի և որոշ մրգերի համադրությունը։
Ի՞նչ կանոններ պետք է պահպանել մթերքների պահպանման և տեղափոխման ժամանակ։
- Եթե օդի ջերմաստիճանը +30°C-ից բարձր է՝ սննդամթերքը սենյակային ջերմաստիճանում մի պահեք 1 ժամից ավելի։
- Մի սառեցրեք արդեն հալեցված մթերքը։
- Սառեցված մթերքը հալեցրեք սառնարանում կամ ջեռոցի համապատասխան ռեժիմով։
- Միսը, ձուկը, կաթնամթերքն ու սառեցված սնունդը տեղափոխեք թերմոպայուսակներով։
Անվտա՞նգ է ծառից պոկած միրգն անմիջապես ուտելը։
-Ոչ միշտ։ Մրգերն ու բանջարեղենը պետք է անպայման լվանալ՝ նույնիսկ եթե դրանք դուք եք քաղել։
- Նախ լվացեք ձեռքերը։
- Մրգերն ու բանջարեղենը լվացեք հոսող ջրի տակ։
- Հատապտուղները լվացեք անմիջապես օգտագործելուց առաջ։
Որքա՞ն բանջարեղեն է խորհուրդ տրվում օգտագործել օրական։
-Միջինում՝ շուրջ 400 գ, սակայն առողջ մարդկանց համար 500–800 գ բանջարեղենը սովորաբար խնդիր չի առաջացնում։
Ջերմային մշակման ընթացքում որոշ վիտամիններ կարող են նվազել։ Խորհուրդ է տրվում խուսափել տապակած բանջարեղենից և նախընտրել ավելի առողջ պատրաստման եղանակներ, օրինակ՝ օդային ֆրիտյուր (Air Fryer)։
Կարելի՞ է մեկ օրվա ընթացքում օգտագործել մի քանի տեսակի միրգ։
- Այո՛։ Նույնիսկ ցանկալի է, քանի որ յուրաքանչյուր միրգ ունի իրեն բնորոշ վիտամինների և հանքանյութերի կազմը։ Խորհուրդ է տրվում օրական օգտագործել 200–400 գ միրգ:
Կա՞ն մրգեր, որոնց օգտագործումը պետք է սահմանափակեն շաքարային դիաբետ կամ ճարպակալում ունեցող մարդիկ։
-Այո՛։ Ցանկալի է սահմանափակել խաղողի և ձմերուկի օգտագործումը, իսկ ավելի հաճախ ընտրել հատապտուղներ, խնձոր, տանձ, սալոր, դեղձ և նեկտարին։
ՍԱՈՒ հիվանդությունների դեպքում սահմանափակումները կախված են հիվանդությունից և բժշկի ցուցումներից։
Ճի՞շտ է, որ մրգերը ցանկալի է օգտագործել հիմնական սննդից առանձին կամ օրվա առաջին կեսին։
-Այո՛։ Ցանկալի չէ մրգերն օգտագործել երեկոյան կամ անմիջապես հիմնական սննդից հետո, քանի որ որոշ մարդկանց մոտ դա կարող է առաջացնել փքվածություն։